Skip to content

Գրեգերիաներ

Գրեգերիաները աֆորիզմների պես կարճ նախադասութուններ են: Տարբեր են նրանով, որ աֆորիզմները հիմնականում խոհափիլիսոփայական ու բարոյահոգեբանական իմաստ են կրում, իսկ գրեգերիաները հիմականում (բայց ոչ միշտ) հումորային ու մետաֆորիկ նախադասություններ են՝ հիմնականում գրված «պահից ելնելով»: Գրեգերիանր գրել են Հորասիոն, Շեքսպիրը, Լոպե դե Վեգան, Կեվեդոն, բայց գրեգերիաների հայրն է համարվում Ռամոն Գոմեզ դէ լա Սեռնան: Գրողների կենսագրությունները ինքներդ կկարդաք վիքիփեդիայում, իսկ ես փորձեմ համարել ինձ մեծն գրող, ինչպես վերոհիշյալները, ու իմ էս ու էն տետրի կոմենտներից հավաքած ու միտքս եկած «գրեգերիաներից» կիսեմ ձեզ հետ:

Երբ 5-ը հոգնում է, դառնում է Տ:

Որ լռես, կլսեմ:

Որ մութ չլիներ, լույս չէր լինի:

Բոլորը գիտեն, որ իրենք հիմար չեն: Բոլորը գիտեն, որ ոմանք հիմար են:

Չէ հա՝ երբ առաջին չէ-ին հաջորդում է երկրորդ հա-ն:

Ինձ մի’ սպանեք… ես ինքնուրույն:

Շան համար բոլոր մարդիկ պոտենցիալ տեր են:

Լեզվին լիովին չեն տիրապետում, լեզուն անկախ է ու դեմոկրատ:

Լավություն արա… գլխիդ ճարը տես:

Ուղղակի ուղիղ ուղղություն ու ղեկ:

Գնացքը գնաց, քըն մնաց:

Երբ աչքերիդ մեջ թոզ են փչում, աչքերդ փակի’ր, իսկ երբ թոզը նստեց կոպերիդ, բացի’ր աչքերդ, և կտեսնես իրականությունը:

Պաոլո Կոելյո՝ հատուկ ձեր ստատուսների համար:

Գդալն էլ ապուրի ուռկանն է:

Քաղաքագիտություն՝ գիտություն, որին տիրապետում են բոլորը:

Յ՝ չաղ յէրեք:

Դատի’ր ինձ, ես եմ քո դատապարտյալը:

Էսօր ինձ նման չեմ… ի՞նչ իմանամ, ինձ երբեք չեմ տեսել:

Մի’ հանեք ձեր դիմակները. կանգնեք արևի ուղիղ ճառագայթների տակ, ու թող ծորա ձեր գրիմը ու մաքրվե’ք մեղքերից:

Վերևից ներքև միայն մեծերն են ունակ նայելու:

Մեծամիտը մտածեց՝ միտս մեծ, մեծամեծ:

Մարդ կա մարդա, մարդ էլ կա….. ինքդ քեզ օրինակ:

Ֆոտոնկարիչներ՝ հանճարեղ մարդիկ, ովքեր ամենաանբնական դիրքերով բնական նկարներ են ստանում:

Ֆեյսբուք՝ մի կայք, որ շատերին հնարավորություն է տալիս իրենց երազած եսը ի ցույց դնեն:

Հոգնե՞լ եք կյանքից. հոգ չէ, կյանքն էլ է ձեզանից հոգնել:

Երբ դիմացինդ ունակ է երկար խոսել միայն քաղաքականությունից ու սեքսից, դժբախտը նա չէ, որ անբավարար կյանքով է ապրում, դժբախտը դու ես, որ ստիպված ես լսել:

Ազատ խոսքի իրավունք՝ երբ խոսքդ ազատ է, բայց դու՝ կաշկանդված:

Մեղքը քոնն է, պատմությու’ն:

Ձանձրույթից ձանձրանում է ձանձրալին իր ձանձրալի ձանձրանքով:

Զուտ զուր սուր սուտ:

Ճակատագրի հեգնանքով անձրևեց: Ճակատի գիրը ջնջվեց:

Նյարդապահպանության գրասենյակի ցուցանակ՝ բաժանում ենք անվճար ականջակալներ:

Ճանճը մրջյունի վրա ծիծաղեց:

Ամենաօպտիմիստ կենդանին աշխարհը սև ու սպիտակ է տեսնում:

Երբ տրվում ես հոսանքին…. զգույշ տոկը չտա:

Գնացքդ գնացե՞լ է. հոգ չէ, տաքսի պատվիրի’ր:

-Ինչ գեղեցիկ զգեստ է: -Օ, շնորհակալ եմ, սա Գուչչի է: -Օ, ներեցեք, ինձ էլ թվաց, թե զգեստ է:

Շշալցում՝ բնական նյութերի բռնի ազատազրկում:

Ընդդիմադիրները, ընդ որում, ընդդիմանում են ընդդեմ ընդդիմականների:

Ֆեյսբուք՝ երբ հանկարծ բոլորին հետաքրքրեց ամենաանհետաքրքիրը:

Քննադատներից փախչում են հաճույքները, քանի որ նրանք զբաղված են քննադատությամբ: Դատաքննիչներից փախչում են հաճույքները, քանի որ նրանք ստիպված են լսել քննադատներին:

Վերջ, իսկ հիմա ՝ կարդալու: Դուք՝ սկզբից, ես ՝ իմ քննությունները :Դ

Հորինված բառեր

Կա հորինված բառերի մի շարք, որ բացասական ազդեցություն ունի հասարակության վրա… ձեզ եմ ներկայացնում բառերի իմ ցանկը ու իմ մեկնաբանությունները: Գնացինք…

Ազատություն:

Օրինակ ի՞նչ ա նշանակում ազատություն: Ոչ մի բան: Շատ ես մարդկանց լսում, որ ասում են. «Ես ազատ մարդ եմ, վարվում եմ ինչպես ուզում եմ:» Ազատությունը հորինված բառ ա, որովհետև ազատվել ինչ-որ մի բանից հնարավոր ա, բայց ազատ լինել ընդհանրապես՝ ոչ: Իսկ ինչի՞ց են ազատ լինում ընդհանրապես, տնի՞ց, մտածմունքների՞ց, կախվածությունների՞ց, իրենց իսկ մարմնից ու ուղեղի՞ց… չկա տենց բան: Ազատ լինելու գաղափարն օգտագործելով, մարդիկ իրար տանջում են, պետությունները պատերազմում, ու վերջում ո՞վ ա տուժու՞մ. առանց այն էլ արդեն մահկանացու լինելուն կնքված էս մարդ արարածը (տույժն էլ ինչ ա, լավագույն դեպքում վաղամահ լինելը…)

Բարոյականություն:

Չկա սենց բան: Ինչու՞, որովհետև հազար մարդու հետ սոց հարցում կատարեք հազար տարբեր երկրներից, թե ինչ ա նշանակում բարոյականություն, իրար նման պատասխան չեք գտնի: Հորինված բառ ա, որ մարդկանց բարոյական լինելու կամ չլինելու պատրվակով դատեն, որ մեկը մյուսից իրեն բարձր համարի՝ մտածելով, թե ինքը ավելի բարոյական ա, որ բարոյական թվալու (ու ոչ թե լինելու) համար պատրաստ են խաբել ու չարախոսել… Ո՞վ ա տուժում վերջու՞մ. առանց այն էլ մեղսավոր մի արարած (տույժն էլ ինչ ա, իրան անմեղ համարելու դեպքում ամբողջ կյանքում ուրիշների կողմից մեղավոր համարվելը…)

Գեղեցկություն:

Հորինված բառ ա գեղեցկությունը, որովհետև գեղեցկությունը նայողի աչքերի մեջ ա: Իսկ արտաքին գեղեցկության մասին մտածողները ինչքան մեղք են գործում՝ ընտրելով «գեղեցիկին», վարկաբեկելով տգեղին, սպանելով իրենց ժամանակը, որպեսզի գնահատվեն: Ո՞վ ա տուժում գեղեցկության մտքի՞ց. առանց այն էլ մի  քանի խղճուկ տարի կյանք ունեցող մահկանացուն (տույժն էլ ինչ ա՝ էդ իրա տարիներից տենց էլ ոչ մի բան չի սովորում….)

Դժվարություն:

Չկա տենց բան: Ամեն ինչ կամ հաղթահարելի ա կամ անհասանելի: Ու եթե ինչ-որ բան ինչ-որ մեկի մոտ չի ստացվում, ապա դա նրան (հնարավոր է միայն) այդ պահին անհասանելի էր: Էս բառը հորինվել ա, որպեսզի մարդիկ հոգեպես տանջվեն տհաճ իրավիճակներում հայտնվելու ժամանակ: Ո՞վ ա տուժու՞մ. առանց այն էլ իր բարդ կառուցվածքի ձեռքը մոլորած մահկանացուն (տույժն էլ՝ նյարդերն են կամաց կամաց մեռնում մշտապես…)

Երջանկություն:

Թվում ա, թե բոլորը էս մի բանն են փնտրում, բայց այդպես էլ իրան ամբողջովին չեն կարողանում գտնել: Չկա տենց բան: Հորինված ա էս բառը, որովհետև ամբողջ կյանքում երջանիկ չեն լինում, որովհետև տարբեր փոքր-մոքր բաներ են, որ մեզ ուրախացնում են, մենք էլ մտածում ենք, թե ըհը գտանք երջանկությունը, որովհետև պուճուր ու հազվադեպ պահեր են, որ ասում ենք, վայ էս պահը բռնեմ, չգնա, որ միշտ երջանիկ լինեմ: Չէ, կյանքը ռեալ ա սիրում ամեն ինչ, ու ինչքան էլ հաճելի ա ուրախ պահեր ապրել, բայց երջանկություն գոյություն չունի: Ո՞վ ա տուժու՞մ, առանց այն էլ պեսիմիստությանը դատապարտված մահկանացուն (տույժն էլ՝ փոքր ուրախություններն անտեսելով՝ չեղած մեծն այդպես էլ չգտնելը…)

Զավեշտալի:

Էս բառի իմաստը տենց էլ չեմ հասկանում, ու չգիտեմ ինչի ա մեր բառարանում: Ճիշտ ա տույժ- մույժ չկա էս դեպքում միգուցե, բայց դե արի ու ասա ինչն ա զավեշտալի… Զավեշտալի բառ ա էս զավեշտալի բառը… :Դ

Ժամանակակից:

Ի՞նչն ա ժամանակակից, ի՞նչը ոչ: Հորինված բառ, որ մարդկանց ապրելակերպը բնորոշեն: Ժամանակակից տեխնոլոգիաներ, որ մարդիկ օգտագործեն, ժամանակակից հագուստ (հլը մի բան էլ զեղչերով), որ մարդիկ գնեն, ժամանակակից մտածելակերպ, որ մարդիկ էդպես մտածեն: Ո՞վ ա տուժու՞մ. առանց այն էլ էդ մեծ ուղեղի մեկ տասերորդն մասն օգտագործող մահկանացուն (տույժն էլ ինչ ա, որ երբեք չի էլ հասկանա…)

Կրոն:

Ամենահորինված բանը: Միանգամից ասեմ, կրոնն ու հավատքը եկեք իրարից տարբերենք: Կրոնի անունից կսպանեմ անհավատին, կրոնի անունից կգնամ պատերազմելու, կրոնի անունից կկառուցեմ նոր և նոր փողամուղս կառույցներ: Պատկանի’ր կրոնի, հետ մի’ մնա ժամանակներից: Լավ էլի… Մեջդ հավատա ու աղոթի, արի հավատքը բիզնեսի չվերածենք ու չարությամբ չլցնենք, սիրենք հավատացող «եղբայրներին» ու «քույրերին», բայց հավատքի հորինված կառույց պետք չի մեզ: Ո՞վ ա տուժու՞մ. հավատացող կամ չհավատացող մահկանացուն (տույժն էլ՝ էլ չերկարացնեմ…) Կարդացեք նաև՝ ԿՐՈՆ

Հարատևություն:

Չկա տենց բան: Հորինված ա էս բառը, որովհետև մարդիկ ուզում են հարատև բան գտնել, բայց մեկը երկար մեկը կարճ տևողությամբ, ամեն ինչ իրա վերջն ունի: Ո՞վ ա էս բառից տուժու՞մ. իրենց փսլնքոտ տարիները անկապ բառի իմաստ փորձել փնտրող մահկանացուն (տույժն էլ, որ այդպես էլ չի գտնում ոչ մի բան)

Ճշմարտություն:

Տես՝ Սուտ է Ճշմարտությունը փոստս:

Պատիվ:

Հորինված բառ ա պատիվը: Բարոյականության եղբայրն ա՝ կոպիտ ասած: Թե ո՞վ ա ինձ պատվով բնորոշում, թե ինչի՞ պատվի համար պետք ա էսպես կամ էնպես վարվեմ, ուտեմ թե չուտեմ, բարևեմ թե չբարևեմ, ապրեմ թե չապրեմ… տարեք ինձնից հեռու էդ պատիվը, հորինված բաներից արդեն հոգնել եմ: Կեվեդոյի Երազները կարդացեք, շատ բան կարելի ա էնտեղից սովորել պատվի անիմաստության վերաբերյալ: Ո՞վ ա տուժու՞մ. առանց էն էլ հասարակության կողմից «պատվազուրկ» կամ «պատվարժան» անվանարկված մահկանացուն (տույժն էլ, որ չի հասկանում, որ կյանքի վերջում ամեն ինչից զրկվում ա, բայց ինքը անմոռաց իրան կյանքի ընթացքումա ամեն ինչից զրկում, որ «պատվով» մնա)

Փառք:

Պատվի եղբայր՝ Հորինվածյան: Թե էս մի հորինված բանի համար ինչքան մարդիկ են իրար սպանել, խեղդել, տանջել ու խաբել: Ու ո՞վ ա փառավոր հիմա, էն որ սպանե՞ց, թե էն որ մեռավ: Դե էլ չշարունակեմ, արդեն հասկացաք, թե ինչ վատ, հիմար ու հորինված բառ ա սա, ու տուժողների տույժը ինչ անիմաստության պատճառով ա իրանց բաժին հասնում:

Օրենք:

Հորինված բառ ա, որովհետև նույնիսկ հորինողներին գիտենք: Վայ նրանց, ովքեր որ էդ հորինվածքին չենթարկվեցին: Իրենց սպասվում է «ազատազրկում»՝ մի ուրիշ հորինված միտք, որից բոլորն էլ շատ են վախենում: Դե օրենքից բոլորս ենք տուժում,  տույժն էլ ա հորինված, բայց դե ինչ արած…

Աշխատեցի այբբենական կարգով ներկայացնել իմ կարծիքը: Թե համամիտ չեք, ոչինչ, թե համամիտ եք, լավ:

Վերջում շնորհակալություն հայտնեմ «հորինված» բառը հորինողին, որ էս փոստի միտքն առաջացրեց մոտս:

Հեռուստացույց դիտելու մասին

Վերջին տասնամյակներում հեռուստացույցը պետք եղածից չափազանց շատ հետաքրքրական է դարձել մարդկանց համար: Իսկ ի՞նչ են դիտում մարդիկ: Կարծում եմ նշելու կարիք չկա: Մարդկության միայն տաս տոկոսն է, որ հեռուստացույցը https://i0.wp.com/statesmansentinel.com/wp-content/uploads/2011/07/TV-Brainwashing.jpgհամարում է լրատվության միջոց, կամ, որ հեռուստացույցի միջոցով փորձում է ինչ որ նոր բան սովորել (օրինակ դիտելով History, Discovery, Sci և այլ նմանատիպ ալիքներ (կներեք, հայկական ուսուցանող ալիքներից, եթե կան այդպիսիք, գաղափար չունեմ)): Սակայն շատ քչերն են իրենց հարց տալիս, թե օրական մեկ ժամից ավելի հեռուստացույցի դիմաց նստելը քանի հազար աշխատունակ բջիջ է սպանում: Բանն այն է, որ հեռուստացույց դիտելիս, մենք բացարձակ երևակայություն չենք օգտագործում, իսկ ուղեղի աշխատունակության այն քիչ խթանիչներից մեկն էլ ինքը երևակայությունն է: Երբ մարդ նստում է հեռուստացույցի դիմաց, նրա ուղեղը ընդունում է պասիվ դիրք, հետևաբար ունակ է միայն ընկալելու: Իսկ երբ, օրինակ, մարդ գիրք է կարդում, նրա ուղեղը գտնվում է ակտիվ գործունեության մեջ, քանի-որ ստիպված է և’ ընկալել կարդացածը, և’ պատկերներով հասկանալ այն (այսինքն ստեղծել համապատասխան պատկերներ ուղեղի մեջ), և’ վերլուծել այն, ինչ ընկալել է: Ինչպես տեսել եք իմ այս փոստում նույնիսկ կենդանին է ունակ հեռուստացույց նայել, բայց միայն մարդն է, որ կարողանում է կարդալ: Ինչու՞ երեխաները չպետք է դիտեն հեռուստացույց, առավել ևս չպետք է խաղան համակարգիչներով ու հեռախոսներով: Պատասխանը հեշտ է. քանի-որ նրանց մոտ չի զարգանում երևակայությունը ( հետո վատագույն դեպքում ծնողներն են ստիպված լինելու գրել իրենց, աշուն, ձմեռ, գարուն ու իմ ամառը շաարադրությունները):

Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեր ծնողների, տատիկների ու պապիկների երևակայությունը շատ ավելի վառ է, նրանք մեզանից ուշ են հոգնում, մեզանից շատ գիտեին մեր տարիքում, մեզանից լավ են տեսնում (հիմնականում) ու մեզանից լավ են հիշում ամեն ինչ: Պատճառն այն է, որ նրանք օրերով հեռուստացույցի դիմաց չեն չորացել, ֆեյսբուքի ստատուսներով չեն զարգացել, ու էսէմէսներով չեն իրազեկվել: Իսկ ուղեղի բջիջները, որոնք այդքան անխնայողաբար սպանում են մարդիկ ժամերով գամվելով բազկաթոռին, մարդու ֆունկցիոնալ մի մասն են, հետևաբար կարևոր հանգամանք «նորմալ մարդ» համարվելու համար:

Առողջ ապրեք (պլագիատ մի հաղորդավարից, որի անունը չգիտեմ):

«Պեչենի»

Մարդկանց շատ քիչ բան ա պետք ուրախանալու համար:

 

Երեկ առավոտ շատ շուտ զարթնեցի, երբ դեռ մութ էր: Երբ դուրս եկա տնից, արևը նոր էր դուրս գալիս, իսկ ես դժգոհ էի, որովհետև չեմ սիրում արթնանալ շատ շուտ: Բայց արևի մի երկու տաք շող դուրս եկան ամպերի հետևից ու կամաց-կամաց օրը բացվեց: Ավտոբուսից դուրս գալուց դեռ դժգոհ էի: Մտածեցի՝ սուրճը կօգնի ավելի լավ զգալուն… սուրճ գնեցի, ու շենքից դուրս գալուց արևը վառ էր շողում ու տարբեր տեսակ ծլվլոցներ էի լսում: Ժպտացի: Մտածեցի, որ փոքր բաները ինձ հեշտ են ուրախացնում: Գրքերս վերցրի ու ժպտալով մտա լսարան: Տեսնեմ՝ ուսանողներս մի տուփ «պեչենի» էին թխել, բերել լսարան: Էն էլ ի՜նչ «պեչենի»՝ կախարդական: Քանի-որ իսպաներենի դաս էր, «պեչենիների» վրա տարբեր իսպանախոս երկրների դրոշներ էին նկարել, ու քանի-որ լսարանում գրեթե բոլորը ամերիկացի են, նաև իրենց դրոշն էին նկարել: Բայց կարևորը չէին մոռացել, որ իրանց դասախոսը հայ ա: Չէին ալարել (ամերիկացիներին ոչ հատուկ բան (էս էլ քեզ ստերեոտիպ)) նայել էին նաև Հայաստանի դրոշի տեսքը ու հատուկ ինձ համար մի հատ հայկական դրոշով «պեչենի» էին թխել: Էդ մի փոքր նվերով ինձ էնքան ուրախացրին ուսանողներս, որ չեմ կարող բոլորի հետ չկիսել: Միշտ նվերներ ու անակնկալներ եմ ստացել ուսանողներիցս, բայց էս մի «պեչենին», որ ուսանողներս իրենց ձեռքով էին սարքել, մի ամբողջ երջանկություն էր 🙂 Հասարակ մի բան, բայց մեկ ուրիշ լավ ու աննման առիթ՝ ուրախանալու համար 🙂

Վերադարձ

Իմ շատ սիրելի ընթերցող: Երկար ժամանակ չէի գրում: Ի՞նչ պատճառաբանեմ… երևի բոլորի նման պատճառը զբաղվածությունն էր ու մի քիչ էլ ծուլությունս, գումարած մի քիչ հիասթափություն բլոգային աշխարհից, բայց բունս (էս դեպքում բլոգս) կարոտել էի: Կարոտել էի, սենց նստեմ ու գրեմ վիրտուլ աշխարհի իմ ընկերների ու ընթերցողների համար: Փոստս, համենայն դեպս, առանձնապես ինչ-որ բանի մասին չի լինի: Բայց չեմ կարող շնորհակալություն չհայտնել անոնիմ մի ատելությամբ լցված երևույթի, որ աննախադեպ կոմենտներով լցրեց բլոգս: Ինձ դա հասկացրեց, որ էկրանից այն կողմ դեռ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են իմ գրածներով, ու որոնք կարիք ունեն նորությունների, այլ աշխարհայացքների ու բնականաբար իմ փիլիսոփայությունների: Համենայն դեպս բլոգի աշխարհի իմ ընկեր-ներկայացուցիչներ, միշտ կարդացել ու տեղեկացված եմ եղել ձեր փոստերի շնորհիվ: Հայաստանի «ջահելության» շունչը մեծամասամբ ձեզանից եմ ստանում, էնպես որ շարունակեք: Ինձ ասեք բարի վերադարձ ու բարի փոստագրություն: Ես էլ մի երկու մաղթանք ու կոչով փակեմ փոստս. սիրեք ծանոթ, թե անծանոթի, ընդունեք նրանց ոնց որ կան, ամենաշատը սիրեք ձեր ընտանիքին, ընկերներին ու հայրենակիցներին, նրանք էն քչերից են, ովքեր ամենալավն են ձեզ հասկանում ու բան ունեն ձեզ հետ կիսելու, ժպտացեք ինչքան հնարավոր ա շատ, որովհետև ժպտալու համար շատ առիթներ կան, բայց քիչ ժամանակ, սիրեք կյանքը, առավել ևս ձեր կյանքը, ու մի մոռացեք օգտագործել սիրում եմ քեզ բառը ամենաքիչը օրը հարյուր անգամ (բայց ոչ թե շռայլեք կեղծ զգացմունքներ):

Վսյո, եկա: Ակլամբոստիի երկրորդ սեզոնը համարում ենք բացված 🙂

Երբ…

Երբ Հայաստանի տոմս գնեցի, սիրտս թրթռում էր…

Երբ ինքնաթիռի մեջ էի, չգիտեմ ինչի վախենում էի… փոփոխությունների՞ց, հուզմունքի՞ց, սպասումների՞ց… ու մի տեսակ չէի ուզում հասնել, պատրաստ չէի…

Երբ եկա Հայաստան, երջանիկ էի, ես տուն էի եկել…

Անցավ մոտ մեկ ամիս, սովորեցի նիստ ու կացին, օր ու գիշերին, կարոտս առա փողոցներից ու ծանոթ ու անծանոթ դեմքերից, ու հասկացա, որ Հայաստանում չեմ… ու դա հասկանում ես, երբ…

Երբ Երևանում կարմիրն ու կապույտը, կանաչն ու դեղինը խառնվել են իրար, երբ տուֆը քաղաքին բնորոշող քարը չի, երբ կրպակն ու սուպերմարկետը, վիլլան ու խրճիթը իրար գլխի են ընկել…

Երբ քաղաքս քաղաք է միային «քաղաքում»… մնացած թաղամասերում աղբակույտեր են ամեն քայլափոխի…

Երբ ծխում են ու շպրտում են մնացուկները ուր պատահի…

Երբ երեխաները այֆոններով ու համակարգիչներով են խաղում, իսկ ծնողները հրճվում են, որ իրենց երեխաները նոր սերնդի ներկայացուցիչ են…

Երբ ամեն հարց ֆեյսբուքով է լուծվում…

Երբ հիվանդանոցներից ճաշարանի հոտ է գալիս… երբ բժիշկը բուժում է հիվանդին ծխախոտը բերանին ու մի բաժակ սուրճը դիմացը… երբ քույրը բացի քրոջից սուրճ եփող է ու ինֆորմացիա բաժանող… երբ հիվանդը «փախչում է», որ փող չմուծի…

Երբ աշխատողին աշխատացնում են, իսկ չաշխատողին գովում…

Երբ բոլորը զբաղված են, չէ «խառը»…

Երբ միջոց չեն գտնում սիրուն հասնելու համար, այլ սիրելու համար են միջոց փնտրում…

Երբ վատաբանում են բոլորին, բացի իրենցից…

Երբ մտածում են, թե իրենցից լավը չկա…

Ու գիտեմ, որ երբ վերադառնամ ԱՄՆ, նորից երազելու եմ այն օրվա մասին, երբ կգնամ Հայաստան…

Մարդկային բնության մաս՝ համեստություն

Համեստություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում, համոզված եմ, դրանից էլ երևի ծնվեց էս պոստիս միտքը ինձ մոտ, և ուղղակի ուզում եմ յուրովի մեկնաբանել համեստությունը:

Ինձ համար բոլորովին անընդունելի է համեստության ընկալումը Հայաստանում (ընդհանրացնում եմ, որի համար ներողություն եմ խնդրում): Համեստությունը այստեղ, ինչպես նկատել եմ, վերաբերում է աղջիկներին, համեստություն նշանակում է ամոթխածություն, բերանը ջուր կտրած նստել, չքննարկել, ու մի քանի այլ ստանդարտացված երևույթներ… ապշեցուցիչ է ուղղակի: Համեստությունը, ըստ իս, համամարդկային մի հատկանիշ է՝ շատերի մոտ բուռն արտահայտված, իսկ ոմանց մոտ գրեթե չզարգացած: Համեստությունը, կարծում եմ, դաստիարակության արդյունք չէ, ինչպես նկատել եմ ընդունված է համարել այստեղ: Այն ինձ համար գենետիկորեն փոխանցվող է, բայց զարգանում է միայն մարդու կրթվելու ու զարգանալու հետ միասին: Ինչքան մարդը կրթված է, այնքան համեստ է: Համեստ է այն մարդը, ում գիտակցությունը այնքան հասուն է, որ չի վախենում սխալվելուց կամ չիմանալուց: Համեստ է նա, ով իրեն սիրում է այնպես ինչպես կա, և իրեն ավելին ներկայացնելու կարիք չի զգում:

Համարում եմ անհամեստ ու քաղքենի նրանց, ովքեր չտեսածի մասին խոսում են տեսածի մոտ, ովքեր իրենց ամեն հաջողություն ի ցույց են դնում աշխարհին, կարծես իրենք իրենց համար չէ, որ ապրում են: Օրինակներով գունավորեմ միտքս. անհամեստություն եմ համարում, երբ իմ բնակավայրի մասին նոր լսած մարդը ինձ սկսում է պատմել, թե ինչպես է այս կամ այն բանը այնտեղ, բնականաբար դրան հետևում են իմ զարմանքները, որովհետև բացարձակ իրականությանը չեն համապատասխանում… ու հարց, իսկ դուք այնտեղ եղե՞լ եք… պատասխանը կռահեք ինքներդ …. Անհամեստություն եմ համարում, երբ օրինակ ես մեքենա եմ առնում ու դա ծածանվում է ինտերնետային ամեն կայքում… մի րոպե, չէ՞ որ ես ինձ համար եմ այդ մեքենան առել, իսկ ուրախացողները, այսպես թե այնպես հարազատներս են, ովքեր իմ ծածանությունների կարիքը բացարձակ չունեն…

Հեռուստացույցով տեսնելը, լուրերով լսելն ու թերթերում կամ բլոգերում կարդալը դա դեռ իմացության հիսուն տոկոսն էլ չի կազմում…. ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել… իսկ անձին վերաբերող հաջողությունները միշտ ուրախացնում են միայն հարազատներին…

Էսքան սիրուն հայերենս զարգացրեցի, գրեցի երկար բարակ, առաջին անգամ առանց ստուգել տալու (էդ էլ իմ գաղտնիքներից մեկը) պոստում եմ, որ գուցե մի երկու հոգի կարդան ու համամիտ լինեն ինձ հետ… համեստորեն չափեք ձեզ ու ձեր հնարավորությունները 🙂

Մի բան արեք լավ մարդ դառնամ

Միշտ զարմացել եմ էն սենտիմենտալ ամերիկացիների վրա, ովքեր իրանց կյանքը պատկերացրել են փոխել մի ինչ որ հաջողակ մարդու անհաջող տողերի միջոցով…

Ի՞նչ եք մտածում, մարդ արարածներ, որ քո ինդիվիդուալ կյանքը ուղղողը ինչ որ մի հայտնի կամ ոչ հայտնի, հաջողակ կամ անհաջող, փիլիսոփա կամ ուղղակի ինտելեկտով մի անձ կարող է փոխե՞լ… դե եթե այո, ապա բոլորով ցած ենք դնում Մարկեսի գրքերը (էս ուղղակի չէի կարող չնշել, ամբողջ է-փոստս ողողված ա դրանով) ու վերցնում ենք Կարնեգիի գրքերը: Չէ, չեմ ծիծաղում, որ մարդիկ Մարկես են կարդում, հակառակը, բավական ոգևորվում եմ, որ մարդիկ սկսել են հետաքրքրվել (լավ է ուշ քան երբեք, դե ոչինչ, Եվրոպայում բումը տեղի ունեցավ 1960ականներին, էստեղ նոր ա հասնում, էդ էլ մինուճար Մարկեսը, էն մյուսները դեռ մի քիչ էլ կսպասեն): Լավ, թեմայից չշեղվելով՝ վերադառնամ կյանքը փոխելուն…

Երթուղայինում մի աղջիկ Կարնեգի էր կարդում, էդ էլ էս մի ամիս Հայաստանում եղածս ժամանակ երրորդ մարդն էր: Հասկացա, որ թարգմանությունը բավականին նոր էր (նշեմ, որ գիրքը գրվել է երեսուն վեց թվին): Ինչ մեղքս թաքցնեմ, իմ մասնագիտության բերումով, ինչ գիրք տեսնում կամ լսում եմ, միշտ աչքիս տակով եմ անց կացնում… համենայն դեպս մտածում եմ, որ իմ անձը ու իմ վարվելաձևը բավական կայացած են, որպիսի ինչ որ բան կարողանամ փոխել ինքս իմ մեջ (չեմ էլ ժխտի, խելոք բաներ ասում ա էդ մարդը, բայց հիմա Ամերիկայում էդ ամեն ասվածը էնքան հին է, որ ինձ բացարձակ ոչնչով չկարողացավ օգնել)… Խնդրեմ, կարդացեք Կարնեգի, բայց մի խոժոռվեք, երբ ձեր գրքին են կպնում անծանոթները (էն էլ էդքան լավ լավ խորհուրդներից հետո)…

Բայց սիրելիներս, լավ մարդ գիրք կարդալով չեն դառնում… լավ մարդ ծնվում են, լավ մարդ կայանում են… իսկ ինձ արդեն շատ են հոգնեցրել լավ մարդ թվացող, բայց ռասիստ ու նացիստ, «բարև ես հայրենասեր եմ, դու՞ ինչպես ես», իրար մի նստատեղի համար բրդող, բոլորից վեր իրենց համարող, «աղջիկը սենց պիտի լինի, տղեն սենց պիտի լինի» էս դեմքերը… թող ինձ ներեն մարդիկ… ես սրա համար չէի եկել Հայաստան…

Մտածելակերպի ձևավորումը

Իմ կարծիքով մտածելակերպը ձևավորվում է ամբոխի մեջ: Մարդ առանց ինչ-որ մեկի ազդեցության չի կարող մտածելակերպ ձևավորել: Դե բնականաբար  էդ ազդեցությունը մեծամասամբ գալիս է ծնողներից, իսկ ծնողների ազդեցությունը իրենց ծնողներից ու շրջապատից: Ինչպես ասում էր Բախտինը ոչինչ նոր չէ, այն ինչ ես ասում եմ ասվել է հազար հազար մարդու կողմից արդեն, իսկ իմ բառապաշարը այն քեզնից վերցրածս կրկնվող բառերն են:

Տարբեր խմբեր, կառույցներ, հասարակություններ բնականաբար իրենց էնդեմիկ մտածելակերպերն ունեն ու դա բոլորովին մեղադրելի չէ, որ մարդ իր մտածելակերպը ձևավորում է տարբեր հասարակություններից վերցված «իր ճիշտ» ուղղություններով (քանզի շատ եմ գրել պոստերումս էլ, որ ոչ ոք երբեք չի մտածում, որ ինքը սխալ է գործում): Ու ընդհանրապես եթե մարդ հասկանում է, որ ինչ որ մի բան սխալ է, ապա ակամայից խուսափում է սխալ թույլ տալ… հետևաբար նույնիսկ մարդասպանը չի մտածում, թե ինքը սխալ է գործում մարդ սպանելով, իսկ եթե մատնանշես նրան իր սխալը, նա անպայման իրեն արդարացում է տալու:

Եվ բնականաբար մարդկանց այդ այս ու այնտեղից ձևավորված մտածելակերպը բերում է մի հասարակական մտածելակերպի- որն էլ հանգեցնում է սոցոլոգիական մեթոդիկայի… Հիշենք, թե ինչպես էին կոմունիստները ու սոցիալիստները իրենց մեթոդներն առաջ բերում սոցիալական ու հասարակական բարեկեցիկ կյանք  ապահովելու համար: Մարդկանց ուղեղում, կարծում էին նրանք, պետք էր արմատացնել բավարարով բավարարվելու միտքը: Սակայն նրանց առաջադրած ուտոպիան չգործեց, պետական- սոցիոլոգիական մեթոդիկայի այլ կարծրատիպերը ճեղքել չկարողանալու պատճառով: Ինչպես նշում են Նաթզենն ու Մոուզեսը իրենց «Իմացության ուղիներ» գրքում, նույնիսկ մարդու ինտելեկուալ զարգացումն ու հասարակական մտածելակերպը քայլում են զուգահեռ… Օրինակը բերեմ ես՝ եթե ներկա պահին ԱՄՆ-ում «զարգանում է» իմիգրացիան, ապա շահավետ է լինել իմիգրացիոն գծով իրավաբան, իսկ եթե Հայաստանում զարգանում է տնտեսությունն ու բանկային գործը, ապա շահավետ է սովորել տնտեսագիտություն ու բանկային գործ… Հետևաբար մտածելակերպ է ձևավորվում (այնինչ արդարացված), որ արվեստագետ լինելը թեթև ասած եսը կործանիչ է, սրանից էլ հետևություն որ շատ ծնողներ ազդում են իրենց երեխայի մտածելակերպի վրա, որպեսզի նրանք ընտրեն իրենց կոպիտ ասած «կաշին փրկող» մասնագիտությունը: Եվ Հայաստանում, որը զարգացող երկիր է, քանի քանի տաղանդներ են ուղղակի մարել… Բայց չէ՞ որ «Ջենտլմենը ուղի է փնտրում այլ ոչ ուտելիք» (Կոնֆուցիոս):

Խոսքս իհարկե չի վերաբերում միայն կրթությանը, արվեստին, մշակույթին, այն վերաբերում է հասարակ մարդկային կյանքին նաև… Իհարկե հասարակական մտածելակերպից խուսափել անհնար է, այն իհարկե կարող է օգնել անձի այս կամ այն հարցով կողմնորոշմանը… բայց լավ ասեցի անձ… այն շատերին ոչնչացնում է անձ, անհատ լինելուց…. իսկ ինձ նմանները, որոնք բախտի բերմամբ մտածելակերպ ձևավորել են արտերկրում բացարձակապես արհամարհվում են որպես հայ (եթե իհարկե բարեգործ կամ հայտնի մարդ չես… դե ես էլ չեմ)… Հարկ է նշել, որ մտածելակերպը թերևս կապ չունի կարծրատիպերի հետ… Իսկ ամենամեծ սխրանքը կգործեր մի «հայ Կոնֆուցիոս», որ կկարողանար ազդել մարդկանց կրթա-մտածելա-վերլուծականության վրա…

Իսկ կարծրատիպերի վերածված մեր մտածելակերպը ուղղակի անկիրթ մարդանց համար մի լավ ապարատ է, որը թույլ է տալիս նրանց չսովորել, չփնտրել նորը…

Այսքանը

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս, դռները բացեք, Տաթոն է գալիս

Էն օրը հայերեն բանաստեղծություններ էի կարդում, ինչպես նկատեցիք 🙂

Իսկ եթե լուրջ, գալիս եմ 🙂 Գալիս եմ էն իմ տունը, որտեղ հեռավոր բարեկամները կարոտագին ժպիտները դեմքին պետք ա գան ինձ «պաչելու ու գնալու»: Գալիս եմ իմ սիրուն տունը, որտեղ ամեն «քեֆի կենացի» ժամանակ պետք ա բոլորը մտահոգվեն իմ անձնական կյանքով, որ պետք ա հարևանի ընկերուհու ընկերուհին, հարևանի տուն գալուց մի հատ մեր դուռն էլ թխկացնի, որ բարևի ու մի երկու հարց տա, թե էդ ոնց հայտնվեցի ես Ամերիկայում: Գալիս եմ իմ Երևանը, որտեղ ոչ ոք բացի իմ ընտանիքից չի հասկանում «անձնական տարածություն» բառակապակցությունը: Գալիս եմ իմ երկիրը, որտեղ բոլորը կարծում են, թե մարդը բնության դեմ մենակ չի կարա պայքարի, միշտ պետք ա մեջք ունենա…

Չէ, բայց իրոք լավն ա իմ տունը… ես գալիս եմ իմ տուն, որտեղ արևը գազարագույն ա, որտեղ առավոտը շոգ ա ու «մարշուտկաների» դռան դրմբոցը անուշ ա թվում… որտեղ քեզ մաման կամ պապան ա արթնացնում մի բաժակ սուրճով, ու որտեղ «սառը» բալկոնում ընտանիքը նախաճաշ ա անում կիրակի օրով, որտեղ գազարագույն արևի տակ պառկած գիրք ես կարդում ու շեղվում ընտանեկան խոսակցություններից, ու որտեղ երեկոները մթին քույրիկներով ծնողներին ման գալու ենք ուղարկում, ու հանկարծ իրանք քաղցրավենիքներով տուն են գալիս ու մենք «կարտ» ենք խաղում համով բաներով…. Հայաստաաան, Հայաստաաան… էս ա իմ Հայաստանը